top of page

Պրոֆեսոր Պաոլա Մարանգոլո

Դասընթացի բանախոս

Պրոֆեսոր Պաոլա Մարանգոլոն իտալացի առաջատար նեյրոհոգեբան և նեյրոգիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է, ում գիտական և դասախոսական գործունեությունը տասնամյակներ շարունակ կենտրոնացած է լեզվի նեյրոգիտության և ձեռքբերովի լեզվական խանգարումների ուսումնասիրության վրա։

Ներկայումս նա հանդիսանում է Նեյրոհոգեբանության և կոգնիտիվ նեյրագիտության լիիրավ պրոֆեսոր Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանի Հումանիտար գիտությունների դեպարտամենտում, որտեղ ներգրավված է ինչպես ուսումնական, այնպես էլ հետազոտական գործունեության մեջ։ Նախկինում նա զբաղեցրել է ասոցիացված պրոֆեսորի պաշտոններ Իտալիայի մի շարք առաջատար համալսարաններում՝ աշխատելով հոգեբիոլոգիայի և հոգեֆիզիոլոգիայի ոլորտում։

Պրոֆեսոր Մարանգոլոն երկար տարիներ ղեկավարել է Աֆազիայի հետազոտական լաբորատորիան Հռոմի IRCCS Fondazione Santa Lucia գիտահետազոտական կենտրոնում՝ իրականացնելով բարձր մակարդակի կլինիկական և փորձարարական ուսումնասիրություններ լեզվական խանգարումների ոլորտում։ Նրա գործունեությունը միավորում է գիտական հետազոտությունը, կլինիկական փորձը և նորարարական թերապևտիկ մոտեցումների մշակումը։

Նա հանդիսանում է նաև  ESO  Կաթվածի վերականգնման  ուղեցույցի համահեղինակ/ 2025թ/ 

Գիտական և հետազոտական ուղղվածություն

Պրոֆեսոր Մարանգոլոյի հետազոտությունները կենտրոնացած են լեզվի նեյրոգիտության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուղեղի վնասվածքներից հետո առաջացած ձեռքբերովի լեզվական խանգարումներին, մասնավորապես՝ աֆազիային։ Նրա աշխատանքները հիմնված են ինտերդիսցիպլինար մոտեցումների վրա, որոնք համադրում են վարքային, նեյրոհոգեբանական և նեյրոպատկերային տվյալները՝ ինչպես առողջ անհատներից, այնպես էլ նյարդաբանական վնասվածք ունեցող հիվանդներից։

Հատուկ տեղ է զբաղեցնում ուղեղի պլաստիկության ուսումնասիրությունը և դրա խթանումը ոչ ինվազիվ նեյրոմոդուլյացիոն մեթոդների միջոցով, ինչպիսիք են տրանսկրանային ուղղակի հոսանքի խթանումը (tDCS) և տրանսպինալ խթանումը։ Պրոֆեսոր Մարանգոլոն մասնակցել է այս մեթոդների արդյունավետության գնահատմանը լեզվական ֆունկցիաների վերականգնման համատեքստում և ներդրել է նորարարական մոտեցումներ կլինիկական պրակտիկայում։

Նրա մշակած Action Observation Therapy մեթոդը (գործողության դիտարկման թերապիա) ուղղված է բայերի և գործողությունների վերականգնմանը աֆազիա ունեցող անձանց մոտ և կիրառվում է որպես ժամանակակից, գիտական ապացույցների վրա հիմնված թերապևտիկ մոտեցում։

Գիտական ներդրում և հրապարակումներ

Պրոֆեսոր Մարանգոլոն հեղինակ է ավելի քան հարյուր գիտական հրապարակումների, որոնք տպագրվել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։ Նրա աշխատանքները լայնորեն մեջբերվում են և նշանակալի դեր ունեն աֆազիայի վերականգնման ոլորտում կիրառվող ժամանակակից ուղեցույցների ձևավորման մեջ։

Նա մասնակցել է եվրոպական և միջազգային ուղեցույցների մշակմանը՝ նվիրված աֆազիայի վերականգնմանը և նեյրոմոդուլյացիոն մեթոդների կիրառմանը, ինչպես նաև հանդիսանում է մի շարք գիտական ձեռնարկների և գրքերի հեղինակ կամ համահեղինակ։

Դասախոսական փորձ և կրթական գործունեություն

Պրոֆեսոր Մարանգոլոն բազմամյա դասախոսական փորձ ունի Եվրոպայի առաջատար համալսարաններում՝ դասավանդելով նեյրոհոգեբանություն, կոգնիտիվ նեյրագիտություն, հոգեբիոլոգիա և կլինիկական աֆազիոլոգիա։ Նրա կրթական գործունեությունը միտված է տեսական գիտելիքների և կլինիկական կիրառության արդյունավետ համադրմանը։

Դասընթացի շրջանակում

Ասոցիացիայի կողմից կազմակերպվող այս դասընթացում պրոֆեսոր Պաոլա Մարանգոլոն կներկայացնի լեզվական խանգարումների գնահատման և վերականգնման ժամանակակից գիտական մոտեցումները՝ հիմնված իր երկարամյա հետազոտական և կլինիկական փորձի վրա։ Դասընթացը նպատակ ունի մասնակիցներին փոխանցել գործնականորեն կիրառելի գիտելիքներ և ծանոթացնել միջազգային լավագույն փորձին լեզվի նեյրոգիտության ոլորտում

Լոգոպեդների Հայկական Ասոցիացիա
2026
 

bottom of page