Լոգոպեդների Հայկական Ասոցիացիա (ASTA)
Մասնագիտություն, որը փոխում է կյանքի որակը
Մեր պատմությունը
Լոգոպեդների Հայկական Ասոցիացիան (Armenian Speech Therapists' Association — ASTA) պաշտոնապես հիմնադրվել է 2018 թվականի ապրիլին՝ ծնունդ առնելով համանուն մասնագիտական ֆորում-խմբի նախաձեռնությունից։ Այն, ինչ սկսվել էր որպես մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հարթակ, այսօր վերածվել է Հայաստանում լոգոպեդիայի ոլորտի զարգացման առաջատար մասնագիտական կառույցի։
Ասոցիացիան բացառապես լոգոպեդների մասնագիտական ընտանիք է՝ միասնական, գիտահեն և արժեքահեն համայնք։ Սակայն գիտակցելով ժամանակակից վերականգնողական ոլորտում թիմային աշխատանքի կարևորությունը՝ մենք սերտորեն համագործակցում ենք հարակից մասնագիտությունների լավագույն փորձագետների հետ՝ ստեղծելով մասնագիտական երկխոսության և համատեղ զարգացման հզոր հարթակ։
Մեր առաքելությունը և տեսլականը
Մենք հավատում ենք, որ հաղորդակցվելու և լիարժեք կյանքով ապրելու իրավունքը հիմնարար է յուրաքանչյուր մարդու համար։ Մեր առաքելությունն է Հայաստանում ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխանող, ապացուցողական բժշկության և ժամանակակից գիտության վրա հիմնված լոգոպեդական ծառայությունների մշակույթ։
Մեր տեսլականն է տեսնել հայկական լոգոպեդիան որպես միջազգային մասնագիտական հանրույթի լիիրավ և մրցունակ անդամ, որտեղ յուրաքանչյուր մասնագետ ունի շարունակական աճի, իսկ յուրաքանչյուր շահառու՝ որակյալ և արժանապատիվ աջակցություն ստանալու հնարավորություն։
Ինչով ենք մենք զբաղվում (Մեր գործունեության առանցքը)
-
Շարունակական մասնագիտական զարգացում (ՇՄԿ) և կրթություն
Մենք իրականացնում ենք կրեդիտավորված, ինտենսիվ և երկարաժամկետ վերապատրաստման ծրագրեր, գործնական սեմինարներ և կլինիկական սիմուլյացիոն դասընթացներ՝ համագործակցելով առաջատար բժշկական և վերականգնողական կենտրոնների հետ։
-
Գիտաժողովներ և մասնագիտական նախագծեր
Ասոցիացիան կազմակերպում է մասշտաբային գիտաժողովներ, այդ թվում՝ ամենամյա։ ։ Բացի այդ, «Լոգոդեսերտ» (Logodesert) և նմանատիպ կրթական-քննարկման ձևաչափերով մենք անդրադառնում ենք ոչ միայն կլինիկական խնդիրներին, այլև մասնագիտական էթիկային ու մասնագիտական այրման կանխարգելմանը։
-
Նորարարական և նեղ մասնագիտական ուղղությունների ներդրում
Մեր ուշադրության կենտրոնում են ժամանակակից լոգոպեդիայի ամենապահանջված և բարդ ուղղությունները՝
Մանկական և մեծահասակների նեյրոռեաբիլիտացիա և խոսքի վերականգնում,
Կլման խանգարումների (դիսֆագիա) գնահատում և վարում,
Հաղորդակցման այլընտրանքային և լրացուցիչ համակարգեր (AAC),
Օրոֆացիալ միոֆունկցիոնալ խանգարումներ,
Առողջ ծերացման ռազմավարություններ (միջազգային կառույցների, այդ թվում՝ ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում)։
-
Միջազգային և տարածաշրջանային համագործակցություն
Լոգոպեդների Հայկական Ասոցիացիան ակտիվորեն ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակներում՝ հանդիսանալով Եվրոպական լոգոպեդների ասոցիացիայի (ESLA — European Speech and Language Therapy Association) անդամ և մասնակցելով եվրոպական կոնգրեսներին ու գլխավոր ասամբլեաներին (Բրյուգգե, Փարիզ, Տալլին և այլուր)։ Միևնույն ժամանակ, կարևորելով տարածաշրջանային մասնագիտական կապերի ամրապնդումը, Ասոցիացիան համագործակցության հուշագրեր է ստորագրել Իրանի և Վրաստանի լոգոպեդների ասոցիացիաների հետ՝ խթանելով փորձի փոխանակումը և համատեղ կրթական ու գիտական նախաձեռնությունները։
-
Մասնագիտական լեզվամտածողության և ստանդարտների մշակում
Մասնագիտական ստանդարտներ, էթիկա և տերմինաբանություն Ոլորտի աշխատանքը համակարգելու և որակի հստակ չափանիշներ սահմանելու նպատակով Ասոցիացիան մշակել է Լոգոպեդի մասնագիտական վարքականոնների կանոնակարգը, շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) միջոցառումների հաստատման և անցկացման ընթացակարգեր։ Բացի այդ, մենք հետևողականորեն աշխատում ենք հայերեն կլինիկական տերմինաբանության ճշգրտման և միասնականացման ուղղությամբ՝ հարստացնելով հայալեզու մասնագիտական գրականությունը։

